Ես Եվրոպան թողել եմ ու եկել մեր երկրին ծառայելու համար, բայց…. Ալվինա Գյուլումյանը զայրացած է

 

 

Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաներում կան կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել, բայց դրանք իհարկե խորհրդատվական եզրակացություն են և դրանք ամեն կոնկրետ դեպքում պետք է գնահատվեն: Ինչպես նաև հնարավոր գործի քննության դեպքում կարող են գնահատվել Սահմանադրական դատարանի կողմից, դրա համար այս առումով ձեռնպահ կմնամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ խոսելով ԱԺ-ի կողմից երեկ ընդունված նախագծի մասին։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կասի ինքն այն մասին, որ նախագիծը ներկայացվել է առանց Վենետիկի հանձնաժողովի պատասխանին սպասելու, դատավորը պատասխանեց՝ հարցը պետք է տալ բերողներին ու քննարկողներին:

Տիկին Գյուլումյանը չի ցանկանում գնահատականներ տալ նախագծին, միայն կարող է ասել, որ այն իր վրա չի տարածվում:

Հարցին, թե ինչպես դատավորները կարող են վիճարկել հարցը, ՍԴ դատավորն ասաց. «Իհարկե կարող են: Վարչական դատավարության կարգով կսպառեն ներպետական միջոցները և կդիմեն ՄԻԵԴ: Ես անձամբ դա կանեմ, քանի որ իմ պարագայում ավելի քան վստահ եմ՝ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասնելու ու հաղթանակ տանելու»:

Ինչ վերաբերում է Հրանտ Նազարյանին ու Ֆելիքս Թոխյանին, ովքեր ևս պետք է նախագծով հեռանան, Գյուլումյանը կարծիք հայտնեց, որ նրանք չեն լռի. «Բայց դա նրանք են որոշելու: Սա իմ կարծիքն է»:

Գյուլումյանը նշեց, որ պաշտոնավարելն ինքնանպատակ չէ. «Ես մի տարի ժամկետից շուտ Եվրոպական դատարնից վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մեկ տարվա ընթացքում կստանայի այնքան աշխատավարձ, որքան կստանամ այստեղ ընդհուպ մինչև 70 տարի պաշտոնավարելու դեպքում և դեռ մի բան էլ ավելի: Բայց ես մտածել եմ, որ դեռևս ունեմ այդ ուժը, կարողությունը, որպեսզի կարողանամ, այնտեղ իմ ձեռք բերած գիտելիքներն օգտագործել այստեղ: Ինչ-որ մարդկանց համար դա հիմար որոշում է թվացել, թե ինչպես կարելի էր Եվրոպան թողնել ու գալ: Նույնիսկ ուղիղ այդպիսի հարցեր են եղել՝ թե նախկին, թե ներկա իշխանությունների կողմից: Դա իմ տեսակն է: Ես եկել եմ, որպեսզի իմ երկրում կարողանամ իրավունքի զարգացմանը նպաստել»:

 

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ես Եվրոպան թողել եմ ու եկել մեր երկրին ծառայելու համար, բայց…. Ալվինա Գյուլումյանը զայրացած է