Խեղճ Էդմոն, ով կսպասեր նման իրավիճակ (lragir.am)

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Պարզվեց՝ նրանից է կախված հայկական ժողովրդավարության եւ իրավական պետության ճակատագիրը:

 

 

Երեկ խորհրդարանի իշխող մեծամասնությունը երկու ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց ԱԺ-ում պետք է լուծվի ՍԴ նախագահի ու երեք անդամների հարցը, օրենքն էլ ուժի մեջ է մտնում ոչ թե նախագահի, այլ ԱԺ նախագահի ստորագրությամբ: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն քվեարկել, ԲՀԿ-ն ստորագրահավաք էր սկսել ՍԴ դիմելու եւ այդ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար: Պակասում է 2 ստորագրություն, եւ հիմա հայկական «ընդդիմությունը» սպասում է, որ ԼՀԿ պատգամավորները կմիանան:

Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել է, թե պատգամավորներն իրավունք չունեն նման հարցով դիմել ՍԴ, եւ իրենք քննարկումներ են անում ԲՀԿ-ի հետ լուծումներ գտնելու համար: Երեկվանից «ընդդիմությունը», մասնավորաբար նախկին ռեժիմի ներկայացուցիչները, որոնց համար ՍԴ ներկայիս կազմը կենսական խնդիր է, «թասիբի են գցում» Էդմոն Մարուքյանին ու Լուսավոր Հայաստանին, ինչպես մինչ այդ գցել էին ԲՀԿ-ին: Հնչում են նաեւ սպառնալիքներ, կասկածներ, վերջնագրեր եւ այլն:

Երրորդ ճանապարհի ջատագով ԼՀԿ-ն հայտնվել է մի իրավիճակում, երբ ճանապարհ փաստացի չկա: Մի կողմում «նախկին հանցավոր ռեժիմն է», որի հետ բացառում են համագործակցությունը, մյուս կողմում՝ «իշխանության ուզուրպացիայի, սահմանադրական հեղաշրջման փորձը», ինչպես այս գործընթացը մեկնաբանում են նախկինները:

Նման «ընտրության» առջեւ կուսակցությունը հայտնվել է նաեւ նախորդ շրջանում իր քաղաքական անհստակ գծի պատճառով: Հիմա, այս յուրահատուկ ճամփաբաժանին ԼՀԿ-ն կանգնել է ոչ միայն բարդ ընտրության, այլեւ սեփական քաղաքական գիծը հստակեցնելու խնդրի առաջ:

Իհարկե, օբյեկտիվության համար պետք է նշել, որ նման իրավիճակներն առաջանում են պրիմիտիվ ու դեգրադացված համակարգերում, ինչպիսին Հայաստանի ներքաղաքական կոչվող դաշտն է, որտեղ կա ամեն ինչ, բացի քաղաքականությունից: Սակայն այս հանգամանքը չի կարող ալիբի լինել դաշտի մասնակիցների համար, քանի որ դա բոլորի գործունեության հետեւանքն է:

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Խեղճ Էդմոն, ով կսպասեր նման իրավիճակ (lragir.am)