<<Արդեն երկու տարի է, ինչ կրթության և գիտության ոլորտը գործում է իներցիայով>>: ԿԳՍՄ նախարարի հանցավոր անգործությունը

 

 

 

Հայաստանում վերջին երկու տարիներին տեղի ունեցած իրադարձությունները էլ ավելի են սրել մեր մտասևեռումը, հանրային քննարկումները կրթության ու դրա որակի մասին։ Ի վերջո, հանրային հնարավոր ու անհնար բոլոր արատների արմատներն առնչվում են կրթությանը։ Հենց կրթությունից, դրա որակից ու բովանդակությունից է կախված, թե ինչպիսի քաղաքացի ես ցանկանում ունենալ վաղը։ Այսպես է ամենուրեք՝ Հայաստանից մինչև Կանադա, Չիլիից մինչև Նոր Զելանդիա։ Դպրոցում ու բուհում է հենց որոշվում, թե ինչպիսին է լինելու քո քաղաքացու ու հանրության արժեքները, նրա անհատական ու հավաքական մտածողությունը, հոգեկերտվածքը։

 

Երկրի կայուն զարգացման և առաջընթացի կարևոր նախապայմաններից մեկը տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին համապատասխան, սեփական օրակարգը սպասարկող, մրցունակ և ճանաչելի ազգային կրթական համակարգի գոյությունն է:

Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ռազմավարությունն է (նախկինում՝ ծրագիր), որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (նախկինում՝ Ազգային ժողովը):

Արդեն երկու տարի է, ինչ կրթության և գիտության ոլորտը գործում է իներցիայով: Ոլորտի համար առկա չէ կրթության զարգացման պետական ռազմավարություն կամ ծրագիր, իսկ ոլորտում արձանագրված եղած ձեռքբերումներն էլ, ընդհանուր առմամբ, նախկինում կայացված որոշումների և ներդրված գործընթացների իներցիոն արդյունքն են:

Այս առումով Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Բնավ չափազանցություն չի լինի արձանագրել, որ մի ամբողջ ոլորտ տապալված է. ոլորտ, որը պիտի ընկած լինի երկրի կայուն զարգացման ռազմավարության հիմքում, և որի ձախողումը տեսանելի, շոշափելի ու լուրջ ազդեցություն կունենա ապագայում: Ուսումնասիրելով վերջին երկու տարիներին ՀՀ կառավարության ծրագրերում ամրագրված կրթության և գիտության ոլորտի առաջնահերթությունները, ինչպես նաև կատարողականի արդյունքների ամփոփումը` ավելի ակնհայտ է դառնում, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի պետական քաղաքականությունը, ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը և վերահսկումն իրականացնելը ոլորտային պատասխանատու ԿԳՄՍ նախարարը շփոթել է մանկապարտեզների ու դպրոցների հիմնանորոգման կամ վերանորոգման, որքան էլ կարևոր, սակայն բովանդակային առումով պարզագույն գործողության, իսկ լավագույն դեպքում՝ դպրոցականների` մշակութային օջախներ հաճախելը կազմակերպելու և գովազդելու հետ:

Այսպիսով՝

1. Ուսումնասիրելով 2018 թվականի հունիսի 1-ին Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ Կառավարության ծրագրում «Կրթություն և Գիտություն» ոլորտի առաջնահերթությունները (https://www.gov.am/files/docs/2782.pdf, էջ 19)՝  նկատում ենք, որ մեկ նախադասություն կամ մեկ բառ անգամ չկա բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Ավելին` երկրի կայուն զարգացման ռազմավարական նշանակություն ունեցող վերոնշյալ ոլորտների ընկալումն այնքան է պարզեցվել, որ կրթությունը և գիտությունը դիտարկվում է ընդամենը քաղաքացու արժանապատիվ և երջանիկ զգալու բաղադրիչ:

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» (https://www.gov.am/files/docs/3188.pdf, էջ 20 ՀՀ Կառավարության՝ 2019 թվականի փետրվարի 28-ի N 141-Ա որոշում) զեկույցը` նկատում ենք, որ ընդամենը մեկ էջով ամփոփված են ոլորտի արդյունքները, որտեղ ամրագրված են հանրակրթությունից մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք հիմնականում նախորդ տարիների կատարած աշխատանքի արդյունքն են, իսկ բարձրագույն կրթության և գիտության ոլորտին վերաբերող ոչ մի նախադասություն և բառ չենք կարող գտնել ամբողջ զեկույցում:

2. Ուսումնասիրելով 2019 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի «Կրթություն և Գիտություն» ոլորտում ամրագրված բարձրագույն կրթության և գիտության ոլորտի առաջնահերթությունները (8 փետրվար, N 65 – Ա որոշում, https://www.gov.am/files/docs/3133.pdf, էջ 32-33) և «Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020 թ.-ի զեկույցում» ամրագրված վերոնշյալ ոլորտում կատարված աշխատանքները (էջ 21-22,https://www.gov.am/files/docs/3932.pdf)՝ ակնհայտ երևում է, որ «Կրթություն և գիտություն» ոլորտի արդյունքներն ամփոփվել են ընդամենը 1,5 էջում, որը բացառապես կապ չունի 2019 թվականին հաստատված ՀՀ Կառավարության ծրագրի հետ: Ավելին` այդ մեկուկես էջանոց հաշվետվության մեջ ևս մեկ տող կամ մեկ բառ անգամ չի խոսվում բարձրագույն կրթության ոլորտում իրականացված բարեփոխումների և ստացված արդյունքների մասին: Զեկույցում գիտության ոլորտի հետ կապված կա ընդամենը մեկ` ոչինչ չասող վիճակագրական տվյալ (2019թ.-ի ընթացքում Հայաստանի Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատել է 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան։ Գիտական աստիճաններ շնորհվածների թիվը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն կրճատվել է, մասնավորապես՝ 2018թ.-ին հաստատվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ  2017թ.-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան): Հասկանալիորեն, ոլորտային քաղաքականության պատասխանատուները գնացել են հնարավոր ամենահեշտ ու ամենապոպուլյար ճանապարհով՝ գիտական աստիճանների շնորհման թվաքանակի պարզ նվազեցմամբ ստեղծել տպավորություն, որ գործ ունենք ոլորտում առկա արատավոր երևույթների դեմ արդյունավետ պայքարի հետ, երբ գիտական աստիճան շնորհվում է միայն արժանիներին, մինչդեռ միայն գիտության ոլորտից շատ հեռու կանգնած մարդկանց կարող է համոզիչ թվալ մոտեցումը, թե այդկերպ բավարար աշխատանք է տարվում այնպիսի հիմնարար ոլորտի առաջխաղացման համար, ինչպիսին գիտությունն է։ Ճիշտ այնպես, ինչպես գիտության ոլորտում առկա խնդիրները համակարգված լուծելու փոխարեն՝ վարչապետի մակարդակով տեղին ու բավարար համարվեց գիտնականներին գռեհկաբար «պարապ սուրճ խմողներ» ներկայացնելը։

Սա արդեն ծիծաղելի էլ չէ։ Այս մտայնությունը կործանարար է մեր երկրի համար՝ հաշվի առնելով գիտության և կրթության զարգացման տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների առկա մարտահրավերները, ինչպես նաև ոլորտի զարգացման գլոբալ դինամիկան: Գիտությունն ու կրթությունն այն բացառիկ ոլորտներից են, որտեղ որևէ իրական արդյունք տեսանելի է միայն  աշխատանքի հետևողականության ու հաջորդականության շնորհիվ։ Անկախ հարափոփոխ քաղաքական իրավիճակներից, ցանկացած հաջորդ իշխանություն ուղղակի իրավունք չունի գործընթացը նոր էջից սկսելու, սա այն ոլորտն է, որտեղ ոլորտի նախարարը պարտավոր էր հաշվի նստել նախկինում հաստատված ռազմավարությունների և զարգացման ծրագրերի հետ: Այս ոլորտը պահանջում է կայուն և անընդհատ բարեփոխումներ՝ ամրագրված ռազմավարությամբ, գործողությունների հստակ ծրագրով և ակնկալվող վերջնարդյունքներով: Այս ոլորտի կառավարումն ու զարգացումն այս պահին հիմնովին տապալված է:

Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը, բնականաբար, կրթության և գիտության ոլորտում առկա էին բազմաթիվ բացթողումներ: Սակայն նման վտանգավոր վիճակում` առանց ռազմավարական պլանավորման, խնդիրներին իրավիճակային լուծումներ տալով կամ անգամ դրանք անտեսելով՝ այս ոլորտը չի գտնվել առնվազն անկախությունից ի վեր: Իսկ խորհրդային տարիներին կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ կառավարության ուշադրության ու քաղաքական լրջության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է թվում։

Ինչպես հայտնի է, ՀՀ կրթական համակարգը միջազգային ասպարեզում ճանաչելի և մրցունակ դարձնելու նպատակով Հայաստանը 2005թ.-ի մայիսին պաշտոնապես միացավ Բոլոնյան գործընթացին՝ ստանձնելով պատասխանատվություն` ինտեգրվելու Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքին (ԵԲԿՏ): 2010թ.-ից ԵԲԿՏ-ի ստեղծման գործընթացը թևակոխեց զարգացման նոր փուլ: 2009թ.-ին Լյուվենում, ինչպես նաև 2010թ.-ին Բուդապեշտում և Վիեննայում տեղի ունեցան Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովները, ընդունվեցին նոր փաստաթղթեր, այդ թվում` Լյուվենի հռչակագիրը` «Բոլոնիայի գործընթացը-2020, Եվրոպայի բարձրագույն կրթությունը նոր տասնամյակում», որտեղ ամրագրվեցին նոր տասնամյակի բարձրագույն կրթության առաջնահերթությունները: Նոր տասնամյակի մարտահրավերներից դուրս գալով` ՀՀ Կառավարության կողմից ամրագրվեցին ԵԲԿՏ-ին ինտեգրման նպատակով ձեռք բերված արդյունքները, բացթողումները, և 2012 թ.-ին հաստատվեց (ՀՀ կառավարության՝ 2012 թ. մարտի 15-ի նիստի N10 արձանագրային որոշում) «Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթական համակարգի՝ ԵԲԿՏ-ին ինտեգրման գործընթացի ընդլայնման ծրագիր», իր գործողությունների պլանով,  ժամանակացույցով և վերջնարդյունքներով՝ կրթության զարգացման նոր փուլի՝ 2010-2020թթ.-ի նպատակներին համահունչ:

Այդ նույն ժամանակաշրջանում առկա էր «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը», և կրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվել են նշված ծրագրում ամրագրված միջոցառումներով՝ ամրագրելով պահանջված վերջնարդյունքները:

ՀՀ Կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 83-րդ կետի համաձայն` այդ ընթացքում արդեն իսկ մշակվել և ՀՀ Կառավարության քննարկմանն էր ներկայացվել ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, որը վերադարձվեց լրամշակելու առաջարկով: ՀՀ Կառավարության` 2017 թվականի հունիսի 19-ի N646-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր 2017-2022թթ.»-ով (էջ 90-97,https://www.gov.am/files/docs/2207.pdf) ամրագրվեցին կրթության և գիտության ոլորտի զարգացման առաջնահերթությունները, որոնք հիմնականում իրենց մեջ ամփոփում էին 2016-2025թթ. հեռանկարային զարգացման ծրագրի առանցքային ուղղությունները:

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, հիմք ընդունելով կրթության համակարգի վերջին տարիների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Փոխակերպենք մեր երկիրը. մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգը» և «Կրթություն 2030. դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն ու կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի հռչակագիրը, մշակեց և հանրային քննարկման ներկայացրեց «ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի» նախագիծը՝ հիմքում ունենալով 2016-2025 թթ. կրթության հեռանկարային զարգացման ծրագրը: Պետական ծրագրում սահմանվեցին ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները: «ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի» նախագիծը լայնորեն քննարկվել է բոլոր շահառուների հետ, սակայն այն  չհաստատվեց, 2018   թ. իրադարձությունների արդյունքում, իսկ այս կարևոր փաստաթղթերը կողքի դրվեցին:

ԿԳՄՍ նախարարի հանցավոր անգործությունը, ոլորտի վերաբերյալ գիտելիքների և հմտությունների իսպառ բացակայությունը, կառավարման տեսության անգամ տարրական սկզբունքներին չտիրապետելը բարոյական և հոգեբանական լուրջ հարված են հասցրել ոլորտին:

2005թ.-ից մինչև 2018թ.-ը բարձրագույն ուսումնական հաստատության առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց մաշկի վրա են զգացել, թե Բոլոնյան գործընթացով պայմանավորված՝ արմատական ու բովանդակային փոփոխություններն իրականացնելու ու կառավարելու համար ինչպիսի մեծ ջանքեր են թափվել, ինչպես է գիտնականների ու աշխատակիցների մոտ հասունացել խորքային փոփոխություններ իրականացնելու գիտակցումը, ինչպես են թուլացրել փոփոխություններին ընդդիմացող բնական դիմադրողականությունը պահպանողական մտածելակերպ, ապագայի նկատմամբ անորոշություն, անհանգստություն և վերջապես անվստահություն ունեցող աշխատակիցների մոտ, ինչպես են կարողացել ձևակերպել փոփոխությունների ուղղությունները, խնդիրների հստակեցումն ու լուծումները, ինչպես են այդքան ցածր աշխատավարձ ստացող գիտական ներուժի մոտ առաջացրել շահադրդում (մոտիվացիա) և վերջապես ամրագրել ձեռքբերումները և բացթողումները՝ սահմանելով նոր ռազմավարություններ լուծելու առկա մարտահրավերները:

Բոլոր հանրային բուհերը և մի քանի մասնավոր բուհեր առաջին ինստիտուցիոնալ հավատարմագրումն անցան մինչև 2018 թվականը: Բուհում առանցքային պաշտոն զբաղեցնող անձինք վստահ էին, որ առաջին հավատարմագրման բարեհաջող ավարտն արդեն իսկ կլինի այն ապագայի սաղմը, հիմքը և ելակետը, որով ավելի սահուն կկատարենք պահանջվող նորանոր բարեփոխումները: Փոփոխությունների կառավարումը և կազմակերպումը միշտ էլ բարդ է՝ անկախ կազմակերպությունից, սակայն ամենաբարդերից մեկը, դա բարձրագույն կրթության և գիտության ոլորտում փոփոխություններ իրականացնելն է, քանի որ այստեղ է գտնվում այն հիմնական գիտական ներուժը, որոնցից գրեթե բոլորի հետ առանձին աշխատանք տանելու խնդիր է առաջացել, որ հիմնավոր և առարկայական ներկայացվեն նպատակները, ընտրված ուղիները և վերջնարդյունքները, ինչպես նաև ազդեցությունը` իրենց կյանքի որակի բարելավման ուղղությամբ: Այսինքն, սա այն ոլորտներից մեկն է, որտեղ ոչ միայն կառավարողների, այլ նաև կառավարվողների մոտ պետք է տեղի ունենա, ենթադրվի մտածելակերպի լիակատար հեղափոխություն: Բոլորը վստահ էին, որ  այդ լուրջ խնդիրն արդեն իսկ հաղթահարված էր 2018 թվականին, և ունեինք մոտիվացված աշխատախումբ, որը պատրաստ էր իրականացնելու ոլորտին առնչվող շարունակական բարեփոխումները:

Սակայն 2018 թվականին ԿԳՄՍ նախարարի պատասխանատվությունը ստանձնած  Արայիկ Հարությունյանը, առանց հասկանալու և պատկերացնելու ոլորտի շարունակական բարելավման գործընթացը, գնաց լրիվ այլ ճանապարհով, փորձ կատարեց սևացնելու և վարկաբեկելու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև այդ տարիներին իրենց ուսերին ծանրությունը տարած որոշ բուհերի ղեկավարների աշխատանքը, առանց գիտակցելու դրա բարոյական և հոգեբանական կողմը, առանց գիտակցելու, որ այս ոլորտի բարեփոխումները նաև նրանց գիշերուզօր աշխատանքի արդյունքն են: Նախարարի քամահրական վերաբերմունքը ոլորտի նկատմամբ լուրջ հարված է հասցրել հետագա բարեփոխումների գործընթացներին, որոնք ձեռք էին բերվել կառավարիչների տասնյակ տարիների համառ աշխատանքի  և նպատակասլացության շնորհիվ:

Այս երկու տարիների ընթացքում բարձրագույն կրթության և գիտության ոլորտի գործունեությունը ոչ միայն չի բարելավվել, այլև ճիշտ հակառակը` արձանագրվել է ցավալի հետընթաց.

1. Կրթական համակարգի ապաքաղաքականացման մասին տեղին ու այդքան բարձրաձայնած անձինք, գալով իշխանության, դրսևորեցին ճիշտ հակառակ վարքագիծը: Բոլոր պետական բուհերի Հոգաբարձուների կամ Կառավարման խորհուրդները համալրվեցին հիմնականում գործող իշխանության համախոհներով,  անկախ նրանից՝ ոլորտի մասին տարրական պատկերացումներ ունե՞ն, թե՞ ոչ: Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք նախկինում ՊՈԱԿ-ներ էին, մինչև 2018 թվականը հիմնականում վերակազմավորվեցին՝ որպես հիմնադրամներ: Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին տրված է շատ ավելի լայն կառավարման հնարավորություն, որտեղ ընդգրկված անդամները ենթադրաբար պետք է հասկանային, թե ինչ բան է բարձրագույն կրթության կառավարումը: Եթե նախկինում բուհի կազմակերպական կառուցվածքը և զարգացման ռազմավարությունը քննարկում և հաստատում էր բուհի Գիտական խորհուրդը, ապա այս դեպքում այդ կարևորագույն լիազորությունները տրված են Հոգաբարձուների խորհրդին՝ դուրս գալով օրենսդրական դաշտի պահանջներից: Նախկինում, եթե Կառավարման խորհրդում ընդգրկվածները չէին օգնում բուհի կառավարմանը և զարգացմանը, ապա գոնե այսօրվա նման չէին էլ խանգարում: Պատկերավոր ասած, այս ոլորտում տեղի  է ունեցել հեղափոխություն: Եթե նախկինում ոլորտից անտեղյակները գոնե լռում էին, ապա այսօր պնդում ու անցկացնում են իրենց պրիմիտիվ պատկերացումները՝ էապես անհնար դարձնելով բուհերի կայուն զարգացումը:

2. Շատ ծեծված հարցերից մեկն էլ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարն է: Այս երկու տարիների ընթացքում կրթության և գիտության ոլորտում առկա չէ կոռուպցիայի դեմ պայքարի որևէ համակարգային մոտեցում (տե՛ս ՀՀ կառավարության 2018 և 2019 թթ. Ծրագրի Հակակոռուպցիոն գործունեությունը): Դրա փոխարեն՝ փորձ է կատարվում, վախի մթնոլորտ ստեղծելով և ապավինելով հանրային մանիպուլյատիվ հաղորդակցությանը, տպավորություն ստեղծել, թե այս ուղղությամբ էական քայլեր են կատարվում: Ավելորդ է ասել, որ նման մարտավարությունն ունի այսրոպեական նշանակություն։ Նույնպես ավելորդ է ասել, որ ոլորտում ընդգրկված դասախոսը կամ գիտնականն այսօր շատ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան որևէ սրճարանում աշխատող մատուցողը, մինչդեռ առիթ ու անառիթ բոլորը խոսում են այն մասին, որ մենք, զուրկ լինելով բնական ռեսուրսներից, հաջողության բանալին պետք է փնտրենք մարդկային ռեսուրսի մեջ, ասել կուզի՝ հենց կրթության ու գիտության զարգացման գործում: Այս ուղղությամբ նախկինում կատարված համակարգային փոփոխություններն այն առաջին սաղմերն էին, որի հետևողական զարգացումը կարող էր բերել՝ ինչպես ոլորտում առկա կոռուպցիոն երևույթների հաղթահարմանը, այնպես էլ՝ զուգահեռ դասախոսական ու գիտական կազմի սոցիալական վիճակի բարելավմանը: Այսօր մանկավարժը, դասախոսը և գիտնականն աշխատում են շատ ծանրաբեռնված և չեն վճարվում ըստ արժանվույն:

3. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում չի մշակվել օրենսդրական կամ ենթաօրեսդրական որևէ լուրջ ակտ: «Կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը ևս, որը վերջերս դրվեց հանրային քննարկման, որևէ կապ չունի այս իշխանությունների հետ: Ներկայացված նախագիծը հանդիսանում է նախկինում մշակված երկու օրենքների նախագծերի մեխանիկական միացում՝ որոշակի խմբագրմամբ: Ավելին` նախկինում նախաձեռնված բազմաթիվ գործընթացներ այսօր ուղղակի կանգ են առել և ոլորտին հասցնելու են իրենց շղթայաձև վնասը: Օրինակ, 2016թ.-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց «Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը», որի հիման վրա պետք էր մշակել Որակավորումների ոլորտային շրջանակները: 2018 թվականի իշխանափոխությունից առաջ արդեն իսկ երկու ոլորտների Որակավորումների ոլորտային շրջանակները պատրաստ էին, և լիահույս էինք, որ մեկ տարվա ընթացքում կունենաք բոլոր ոլորտների նկարագրիչները: Ի՞նչ ունենք այսօր. բնականաբար, անգամ չունենք այն նախորդ երկուսը հաստատված տեսքով, իսկ մնացած գործընթացներն էլ ձախողված և կանգ են առած: Վերոնշյալ երկու փաստաթղթերն այն կարևոր հիմքերն են, որոնց հիման վրա բուհերը պետք է արդիականացնեին մասնագիտության կրթական ծրագրերը, ինչպես բովանդակային, այնպես էլ կառուցվածքային իմաստով, որը կնպաստեր ուսանողների շարժունությանը, կամ ավելի լայն՝ կրթության միջազգայնացմանը: Սակայն այս գործընթացը, որը կանգ առավ, որևէ կապ չէր կարող ունենալ առկա համաճարակի հետ, ճիշտ հակառակը, ավելի նպաստավոր պայմաններ էին ստեղծվել նմանատիպ աշխատանքները հանդարտորեն կազմակերպելու և համակարգելու համար:

4. ԿԳՄՍ նախարար անհամոզիչ հիմնավորմամբ՝ «Կրթության մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ: Նախկինում օրենսդրորեն ամրագրված էր՝ «…կրթության զարգացման պետական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով՝ հաստատման», որը նախարարի առաջարկով փոփոխվեց հետևյալ կերպ՝ «…կրթության զարգացման պետական ռազմավությունը հաստատում է ՀՀ Կառավարությունը», այսինքն՝ շրջանցվեց Ազգային ժողովը: Կարելի է ենթադրել, ոլորտից ոչ այնքան տեղյակ նախարարը քաջ գիտակցում էր, որ անգամ գրված և ձեռքը տրված փաստաթուղթը չի կարող հավուր պատշաճի ներկայացնել ԱԺ-ում, որի ականատեսը եղանք «Կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի քննարկման ժամանակ։ Ենթադրելի է, որ կատարված փոփոխության իրական ու միակ պատճառը Կրթության զարգացման երկարաժամկետ պետական ծրագիրն ԱԺ-ում հրապարակայնորեն ներկայացնելու և այն հիմնավորելու մասնագիտական անհաղթահարելի անպատրաստվածությունն էր:

Ոլորտում առկա գործընթացների ձախողման օրինակները բազմաթիվ են, բերված օրինակներն ընդամենը դրանցից մի քանիսն են: Կատարյալ ողբերգություն է տեսնելը, որ այս լուրջ խնդիրների լուծումները թողած, ԿԳՄՍ նախարարն այսօր զբաղված է սոցիալական ցանցում մուլտֆիլմերից հատվածներ տարածելով, լուրջ դեմքով տեխնիկական բնույթի որոշ հարցեր դիմորդներին բացատրելով կամ ծնողական ժողովներ անցկացնելով: Այս վարքագիծը հարիր չէ այդ ոլորտի անգամ առաջին կարգի մասնագետին, ուր մնաց՝ նախարարին:

Կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները «հեղափոխականորեն» ձախողած և հանցավոր անգործության մատնված ԿԳՄՍ (ան)պատասխանատու Արայիկ Հարությունյանը Հայաստանի պատմության վատագույն նախարարն է՝ Նիկոլ Աղբալյանից սկսած: Ես չգիտեմ, թե ապագայում որտեղ ու ինչպես կանցկացնի իր օրերը Արայիկ Հարությունյանը, ազատությա՞ն, թե՞ անազատության մեջ, սակայն մեկ բանում վստահ եմ. տասնամյակներ անց էլ ոլորտի մասնագետների ընկալումներում ու հիշողություններում նա ապրելու է՝ որպես կենդանի օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուն ու մարդն ընդհանրապես։

 

Անահիտ Ֆարմանյան

Բարձրագույն կրթության որակի ապահովման փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

<<Արդեն երկու տարի է, ինչ կրթության և գիտության ոլորտը գործում է իներցիայով>>: ԿԳՍՄ նախարարի հանցավոր անգործությունը