Արարատում օրենքով գող «Մարսոն» սպանվել է իր տան շեմին, նրա գրկին մեկուկես տարեկան երեխան էր. ինչպես է եղել դեպքը

 

«Առաջին լրատվական»-ը գրում է.   Օրենքով գող համարվող Մարսոյի սպանությունը 2009 թվականի հունիսի 20-ին է տեղի ունեցել:  Մարսոն սպանվել է իր տան շեմին՝ Արարատի մարզի Գոռավան գյուղում:   Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

 

Ամբաստանյալը 1952 թվականին ծնված Պերճիկ Շ.-ն էր, նրան մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Դատական քննությամբ պարզվել է հետևյալը: Պերճիկ Շ.-ի հանգուցյալ եղբոր որդին՝ Արմենը, եղել է Մարսոյի՝ Մարզպետունի Պ.-ի հարսանիքի կնքահայրը: Պերճիկի ու Մարզպետունու ընտանիքները սերտ հարաբերությունների մեջ են եղել: 2006թվականի ընթացքում Պերճիկի դստեր և Մարզպետունու կնոջ հարաբերություններն ավելի են սերտացել: 2007 թվականի հոկտեմբերի 7-ին Պերճիկի դուստրը Մարզպետունու ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, բնակվել է նրանց հետ, անհատույց իրականացրել է նրանց երեխաների խնամքը:

 

2008 թվականի հունվարին Մարզպետունու ընտանիքը, Պերճիկի դուստրն էլ նրանց հետ, վերադարձել է Հայաստան: Պերճիկի դուստրը շարունակել է հաճախ լինել Մարզպետունու տանը, գիշերել է այնտեղ: 2008 թվականի ապրիլի 21-ին Մարզպետունու տանից  3 հազար դոլար է կորել: Կասկածել են Պերճիկի դստերը:

 

Մարզպետունու կինը վիճել է Պերճիկի դստեր հետ, մեղադրել է գողություն կատարելու, ինչպես նաև իր որդու հետ սեթևեթելու համար: Պերճիկի դուստրը հեռացել է նրանց տանից: Դրանից հետո Պերճիկի ու Մարզպետունու ընտանիքների հարաբերությունները լարվել են: Պերճիկի կինը գնացել է Մարզպետունու տուն, խոսել է նրա կնոջ հետ, փորձել է ապացուցել դստեր անմեղությունը, բայց վիճաբանություն է առաջացել: Պերճիկն  ու եղբայրները փորձել են հանդիպել Մարզպետունու հետ, բայց վերջինս չի ցանկացել: 7STOPPED 2008 թվականի ապրիլի 25-ին Ռուսաստանում գտնվող արտադրամասը փակել ու Հայաստան է վերադարձել Պերճիկի որդին: Մայիս-սեպտեմբեր ամիսներին աշխատանքից առանց պատճառաբանության ազատել են Պերճիկի դստերն ու իրեն՝ Պերճիկին: Ընտանիքը ծանր նյութական վիճակում է հայտնվել:

 

2009 թվականի հունիսի 19-ին Պերճիկի թոռները նրանից պաղպաղակ են ուզել, բայց նա գումար չի ունեցել, որ պաղպաղակ գնի: Ընտանիքի՝ ծանր սոցիալական վիճակի մեջ հայտնելու համար Պերճիկը մեղադրել է Մարզպետունուն: Ամբողջ գիշեր չի քնել: Որոշել է վրեժխնդիր լինել ու սպանել Մարզպետունուն:

 

2009 թվականի հունիսի 20-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում նա տանից վերցրել է իրեն պատկանող մեկփողանի որսորդական հրացանը, լիցքավորել է մանրագնդակային լիցքով լիցքավորված չորս փամփուշտներով: Այնուհետև Պերճիկն իր մեքենայով գնացել է Արարատի մարզի Գոռավան գյուղ, մեքենան կանգնեցրել է Մարզպետունու տան մոտ ու նկատել է, որ իրենից երկու մետր հեռավորության վրա՝ մուտքի դռան առջև, տան բակում կանգնած է Մարզպետունին՝ մեկուկես տարեկան թոռնուհուն գրկած: Պերճիկը  Մարզպետունուն սպանելու նպատակով հրացանի փողը մեքենայի պատուհանից դուրս է հանել, բայց Մարզպետունին նկատել է իրեն ուղղված զենքի փողը ու կրակոցից խուսափելու նպատակով շրջվել է դեպի տուն:

 

Պերճիկ Շ.-ն, վտանգի տակ դնելով մանկահասակ երեխայի կյանքը, մեկ անգամ կրակել է Մարզպետունու ուղղությամբ: Մանրագնդակներից ութը դիպել են Մարզպետունու կրծքավանդակի հետին ձախ մակերեսին, երկուսը դուրս են եկել կրծքավանդակի աջ կողմնային պատից՝ առաջացնելով ելքի անցքեր, իսկ վեցը մնացել են մարմնում: Մարզպետունուն պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Մարզպետունին, երեխային գրկած, վայր է ընկել: Երեխան հայտնվել է հոր կրծքի տակ, բարեբախտաբար՝ երեխայի դեմքն է միայն թեթև վնասվել…

 

Մարզպետունուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Կրակոցներ արձակելուց հետո Պերճիկը հեռացել է դեպքի վայրից ու մեղայականով ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին: Պերճիկ Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ երբ իր ու Մարսոյի  հարաբերությունները լարվել են, ինքն իմացել է, որ Մարսոն  Ռուսաստան մարդիկ է ուղարկել, որ այնտեղ աշխատող որդուն վնասեն: Ինքը որդուն շտապ կանչել է Հայաստան: Որդին ստիպված է եղել Ռուսատանում փակել արտադրամասը, վերադառնալ Հայաստան: Նա մի քանի օր անց Մարզպետունու հետ հանդիպել, խոսել է կորած գումարի մասին, Մարզպետունին ասել է, թե  խոսակցությունը վերջացել է, իրենց միջև խնդիր չկա: Բայց երբ որդին ցանկացել է մեկնել Ռուսաստան ու վերականգնել աշխատանքը, Մարզպետունին ասել է, թե չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը: Որդին չի մեկնել Ռուսաստան:

 

Դուստրը, որ բարեխիղճ աշխատում էր որպես բուժքույր, անսպասելիորեն հեռացվել է աշխատանքից: Ինքը համոզված է, որ դա արվել է Մարզպետունու ազդեցությամբ: Հետո Մարզպետունու ընտանիքը իր ընտանիքի հասցեին վարկաբեկող լուրեր է տարածել: Տարիներ շարունակ ինքն իր բնակավայրում ավագանու անդամ է  եղել, վայելել է մարդկանց հարգանքը, աշխատել է որպես սննդամթերքի անվտանգության բաժնի պետ, եղել է քաղծառայող: Բայց մի օր իր ղեկավարը առանց պարզաբանման պահանջել է, որ ինքն աշխատանքից ազատման դիմում գրի: Ինքը համոզված է, որ դա արվել է Մարզպետունու ազդեցությամբ: Ինքը գրել է աշխատանքից ազատման դիմումը: Իր ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում։

 

Շուրջ մեկուկես տարի վարկաբեկիչ խոսակցություններ է լսել, աշխատանք չի ունեցել, եղել է սթրեսային վիճակում: Ինքն ու եղբայրները փորձել են հանդիպել Մարսոյին, բայց նա խուսափել է: Ինքը պայմանավորվել է աշխատանքի անցնել սոցիալական ապահովության բաժնում, բայց մի քանի օր անց իրեն ասել են, թե  Մարսոն թույլ չի տվել, որ իրեն ընդունեն աշխատանքի: Ինքը մտածել է, թե Մարսոն մի օր կխոսի իր հետ, հարցը կփակվի: Բայց այդպես չի եղել:Մի օր քաղաքապետարանի մոտ պատահաբար հանդիպել է «Մարսոյին», նա իրեն ասել է. «Ուզում ես աշխատե՞ս, հա՞, չես աշխատելու»: Նա հայհոյել է իր ու ընտանիքի հասցեին։

 

2009 թվականի հունիսի 19-ին թոռներն իրենից պաղպաղակ են ուզել, ինքը փող չի ունեցել, որ անգամ պաղպաղակ գնի… Հաջորդ առավոտյան հրացանը լիցքավորել ու մեքենայով գնացել է Մարզպետունու տան մոտ: Տեսել է նրան իրենից մոտ երկու մետրի վրա կանգնած, ձայն է տվել՝ Մարսո: Նա իրեն չի պատասխանել, վազել է դեպի տուն, իր կարծիքով՝ զենք վերցնելու: Ինքն այդ պահին է հրացանի փողը հանել մեքենայի պատուհանից  ու մեկ անգամ կրակել է նրա ուղղությամբ: Մարսոն ընկել է: Ինքը չգիտեր՝ նա մահացել է, թե ոչ: Ինքը մտադրված չէր նրան սպանել, գնացել էր, որ խոսի հետը, քանի որ նրա պատճառով իր ընտանիքը սոցիալական ծանր վիճակի մեջ էր հայտնվել: Եթե նա իր հետ խոսեր, ինքը կարող է չկրակեր։

 

Պերճիկը պնդել է, թե կրակոցի պահին Մարսոյի գրկին երեխա չկար: Ինքը չի տեսել: Կրակելուց հետո հեռացել է դեպքի վայրից ու անմիջապես ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել է հրացանը: Քրեական հեղինակություն համարվող անձի ազդեցության ոլորտը բավական ընդգրկուն էր՝ Հայաստանից հասնում էր Ռուսաստան, իսկ Հայաստանում նա կարող էր մարդկանց աշխատանքից ազատել, թողնել առանց ապրուստի միջոցի…

 

Դատարանը Պերճիկ Շ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ու դատապարտել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2009 թվականի հունիսի  20-ից: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատիժը մեղմացնելու՝ ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

 

Վճռաբեկ դատարանը պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել: Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արարատում օրենքով գող «Մարսոն» սպանվել է իր տան շեմին, նրա գրկին մեկուկես տարեկան երեխան էր. ինչպես է եղել դեպքը