<<Ծառուկյանը մտել է խաղի մեջ և պետք է խաղա>>. 1in.am

 

Կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջով Գագիկ Ծառուկյանը նոր շնչառություն է հաղորդել ներքաղաքական առանց այդ էլ արագ շնչել սկսած կյանքին: Այդ համատեքստում ուշադրության է արժանի կառավարող մեծամասնության արձագանքը: Այն բավականին կոշտ է, ի տարբերություն օրինակ Ծառուկյանից առաջ ներքաղաքական կյանքը սրել փորձող Միքայել Մինասյանի, կամ Արթուր Վանեցյանի մեղադրանքներին ու նույնպես կառավարության հրաժարականի կոչերին հետևած արձագանքի: Նրանց հանդեպ իշխանությունը վարեց «չնկատելու» քաղաքականություն, իսկ Ծառուկյանի կոչին հաջորդեց շատ կոշտ արձագանք, այդ թվում վարչապետի խոսնակի մակարդակով: Նա հայտարարեց, որ ԲՀԿ նախագահին ընդամենը անհանգստացրել են նախկին ժամանակաշրջանի հետ առնչվող քրեական գործերը: Այլ կերպ ասած, իշխանության մարտավարությունը հստակ է՝ ոչ միայն իրավական հարցադրումներ, այլ նաև հռետորաբանության առումով ինտենսիվ ասոցացում նախկին իշխանության հետ:

 

 

Կդիմանա՞ Գագիկ Ծառուկյանն այդ դիմակայությանը: Բանն այն է, որ նա հեղափոխությունից հետո արել է հնարավորը՝ նախկին իշխանության այս կամ այն թևի հետ չասոցացվելու համար: Այդ իմաստով, նրա հայտարարությունը հիշեցնում էր վա-բանկ տրամաբանություն, հաշվի առնելով այն, որ ժամանակագրական իմաստով հաջորդել է հենց նախկին իշխանությունից խթանված ներքին աշխուժությանը: Այլ կերպ ասած, Գագիկ Ծառուկյանը խաղացել է նախկին իշխանությունից եկած խաղը:

Պատվերո՞վ, թե ոչ, դա է հարցը, որը ունի նշանակություն, սակայն արդեն առանցքային չէ: Ծառուկյանը մտել է խաղի մեջ և պետք է խաղա, այսպես ասած շախմատի օրենքով: Իհարկե շախմատը նրա տարերքը չէ, բայց այդ դեպքում ավելի վատ հենց ԲՀԿ նախագահի համար: Խաղի հնարավոր սցենարն անշուշտ միարժեք լինել չի կարող, որովհետև Ծառուկյանի թեկուզ արմատական դիքորոշումն ու պահանջը կարող է ձեռնտու լինել անգամ իշխանությանը:

ԲՀԿ-ն կարող է վերցնել այն գիծը, որով ծրագրում էին առաջ շարժվել նախկին իշխանության տարբեր թևեր կամ խմբեր: Վերցնել, հետո իհարկե պայմանավորվել: Այդ իմաստով, խոշոր գործարար Ծառուկյանը որևէ իշխանության համար թերևս կարող է լինել ամենահարմար ընդդիմությունը: Դա փորձված հանգամանք է, սակայն պետք չէ բացառել և այն, որ ինչ որ պահի կարող է և չաշխատել: Սակայն, այդ դեպքում պտուղները կքաղի ոչ թե Ծառուկյանը, այլ երրորդ ուժ: Հայաստանում է այդ ուժը, թե դրսում, սա խոսակցության այլ նյութ է և առաջիկայում կլինի նաև դրան անդրադառնալու առիթ: Բայց, բոլոր դեպքերում Ծառուկյանն ինքը չունի քաղաքական հաղթանակի ուղղակի կրող լինելու հնարավորություն, որովհետև այդ հաղթանակը պահանջելու է զոհաբերություն, առնվազն քաղաքական:

ԲՀԿ նախագահն այդ իմաստով դառնալու է այն քաղաքական զոհաբերությունը, որ պահանջվելու է կամ իշխանության նկատմամբ հաղթանակի համար, կամ իշխանության հաղթանակի համար: Այդ հարցում կա ներքաղաքական չբարձրաձայնված կոնսենսուս՝ «թող ոչ մի զոհ չպահանջվի՝ Ծառուկյանից բացի», տրամաբանությամբ: Ի դեպ խորհրդանշական է, որ հայտարարությունից մի քանի ժամ առաջ սիլոգիզմի օրենքի միջոցով ներքին հանդարտության կոչ էր արել Ծառուկյանի հետ ոչիշխանական բևեռը գլխավորած նրա նախկին դաշնակից Լևոն Տեր-Պետրոսյանը:

Աղբյուր

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

<<Ծառուկյանը մտել է խաղի մեջ և պետք է խաղա>>. 1in.am